«ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ-ի ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
01.12.2017թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1.1. Սույն Ծառայությունների մատուցման հիմնական պայմանները սահմանում են «ԱՐՓԻՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ) կողմից Բաժանորդներին մատուցվող էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները:
1.2. Սույն Պայմանները Ծառայությունների մատուցման Բաժանորդագրության պայմանագրի կնքման համար հանդիսանում են հրապարակային առաջարկ (օֆերտա):
2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
2.1. Ներքոշարադրյալ սահմանումները սույն Պայմաններում ունեն հետևյալ նշանակությունը.
«Հանձնաժողով»` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
 «Պայմաններ»՝ «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ-ի կողմից էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման սույն հիմնական պայմանները, որոնք հանդիսանում են Բաժանորդների հետ Բաժանորդագրության պայմանագիր կնքելու Օպերատորի հրապարակային առաջարկ (օֆերտա):
«Օպերատոր»՝ «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ:
«Լիցենզիա»՝ «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ-ի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012թ. փետրվարի 08-ի թիվ 23Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) համար տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի թիվ 0979 լիցենզիա:
«Օպերատորի ցանց (Ցանց)»՝ «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ-ին պատկանող հաղորդման համակարգ, իսկ համապատասխան դեպքերում նաև միացնող–անջատող կամ ուղղորդող սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս ազդակներ (սիգնալներ) հաղորդել մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ այլ ամրակցված ցանցով և շարժական կապի երկրային ցանցով այնպես, որպեսզի դրանք օգտագործվեն ազդակների հաղորդման համար` անկախ հաղորդվող տեղեկատվության տեսակից:
«Ծառայություններ»` Օպերատորի կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) և հարակից այլ ծառայությունների՝ որպես մեկ ծառայություն մատուցվող ծառայությունների միասնական փաթեթ.
• Հեռախոսային (Հեռախոսակապի)
• Ինտերնետ հասանելիության
• Հեռուստառադիոծրագրերի մալուխային հեռարձակում
• Դոմենային անուն (Domain name)
• Հոսթինգ (Hosting)
• Միացնող գծի (Data)
• Ռեալ ինտերնետ հաղորդագրություն (Ռեալ IP)
• Կարճ հաղորդագրություններ (SMS)
• Լրացուցիչ սարքերի տրամադրման և ապամոնտաժման ծառայություններ
• ՏՏ ոլորտին հարակից այլ ծառայություններ։
«Հեռուստառադիոհեռարձակման / վերահեռարձակման ծառայություն մատուցող»`  «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ, գրանցված՝ 2007թ. փետրվարի 02-ին, գրանցման համար՝ 38.110.01684, վկայական՝ 03Ա073325, ՀՎՀՀ՝ 04719683, գտնվելու վայր՝ ՀՀ, Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ, Բաղրամյան 22/2, 1108, վեբ կայք` www.arpinet.am:
«Զանգերի կենտրոն»` ծառայություն, որի միջոցով Բաժանորդը զանգահարելով +37460888888, +37477911011, +37455579911, +37423147770 հեռախոսահամարներով, կարող է Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալ:
«Պաշտոնական վեբ կայք»`  Օպերատորի պաշտոնական ինտերնետային վեբ կայքը` www.arpinet.am:
«Հաճախորդ կամ Բաժանորդ»`  ցանկացած անձ, ով սույն Պայմաններով սահմանված կարգով կնքել է Բաժանորդագրության պայմանագիր (ակցեպտավորել է սույն հրապարակային առաջարկը/օֆերտան) կամ դիմել է ծառայություններից օգտվելու համար:
«Բաժանորդագրության պայմանագիր»՝ Պայմանների համաձայն Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված Ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր, հավելված:
«Դիմում»` Պայմաններին համապատասխան Բաժանորդի կողմից ստորագրված և Օպերատորին ուղղված դիմում պահանջվող փաստաթղթերով, որի միջոցով Բաժանորդը Ծառայություններից օգտվելու նպատակով Օպերատորի հետ կնքում է Բաժանորդագրության պայմանագիր (ակցեպտավորում է Օպերատորի սույն հրապարակային առաջարկը (օֆերտան): Դիմումը հանդիսանում է սույն հրապարակային առաջարկ (օֆերտա) հանդիսացող Պայմաններն ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ Բաժանորդի գրավոր համաձայնություն:
«Պահանջվող փաստաթղթեր»` Բաժանորդագրության պայմանագիր կնքելու համար Բաժանորդ դառնալու ցանկություն ունեցող անձի կողմից Դիմումի հետ մեկտեղ ներկայացվող փաստաթղթեր:
«Սարք»` Օպերատորի կողմից Բաժանորդին օգտագործման իրավունքով տրամադրված սարք` իր պատկանելիքներով և մալուխ, որոնց միջոցով Բաժանորդին հնարավորություն է ընձեռվում օգտվել Օպերատորի Ծառայություններից:
«Տեխնիկական հնարավորություն»` էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովելու համար Բաժանորդին` Օպերատորի հեռահաղորդակցության ենթակառուցվածքներին միանալու հնարավորություն:
«Ցանցի հասանելիության տարածք»` աշխարհագրական տարածքը (վայրը), որտեղ Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները տեխնիկապես հասանելի են:
«Հաշվետու ժամանակաշրջան»` օրացուցային ամիս, որի ընթացքում մատուցվել են էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ։
«Օրացուցային ամիս»՝ հաշվետու ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է հաշվարկային ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է նույն ամսվա վերջին օրվա ժամը 23:59:59-ին:
«Ռադիոներթափանցման սարքավորումներ»` էլեկտրոնային հաղորդակցության սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ռադիոկապի միջոցով բաժանորդային սարքի միացումը էլեկտրոնային հաղորդակցության ցանցին։
«Ցանցային միացումներ»` էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովելու նպատակով մալուխով և/կամ ռադիոփոխանցման (2.4 GHz) միջոցով հեռահաղորդակցության միացում ենթակառուցվածքներին:
«Բաժանորդի տարածք»` վայր, որտեղ Բաժանորդը ցանկանում է ստանալ Ծառայություններ:
«Բիլինգային համակարգ»` հաշվարկների իրականացման ավտոմատացված տեղեկատվական համակարգ, որի միջոցով հաշվառվում են Բաժանորդին մատուցված Ծառայությունների տեսակը, ծավալը, արժեքը և հաշվարկվում Բաժանորդների պարտքերը և ստացված վճարումները:
«Բաժանորդի անձնական գրասենյակ»` բիլինգային համակարգում վարվող անալիտիկ հաշիվ, որն օգտագործվում է Բաժանորդին մատուցվող Ծառայությունների տեսակների, ծավալների, արժեքների և դրանց դիմաց գանձվող վճարումների հաշվառման համար:
«Նույնականացման համար (ID)»` տառերի և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի նույնականացման և Բաժանորդի կողմից իր անձնական հաշիվ մուտք գործելու ու վճարումներ կատարելու համար: Բաժանորդի ID-ին փոփոխման ենթակա չէ:
«Գաղտնաբառ»` Բաժանորդի նույնականացման համար կիրառվող տառերի և/կամ թվերի համակցություն:
«Վաճառքի և սպասարկման սրահ»՝ Օպերատորի կողմից սահմանված Ծառայությունների վաճառքի և Բաժանորդների սպասարկման համար նախատեսված սրահ:
«Սակագնային պլան/փաթեթ»` որոշակի հատկանիշներով օժտված ծառայություն, որն ընտրում է Բաժանորդը և որի անվանումը, առանձնահատկությունները, մատուցման պայմանները, սակագները, մանրամասները և այլ տեղեկությունները ներկայացված են Օպերատորի Վաճառքի ու սպասարկման սրահներում, ինչպես նաև հրապարակված են Պաշտոնական վեբ կայքում:
«Հեռախոսահամար»` Օպերատորի համարային ռեսուրսներից Ֆիքսված հեռախոսակապի ցանցում Բաժանորդին նույնականացնելու համար տրամադրվող հեռախոսահամար:
«Վերջնակետային սարքավորում (բաժանորդային սարք)»` այն սարքավորումը կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում, որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն):
«Հեռախոսային (հեռախոսակապի) ծառայություն»` տեղական, միջքաղաքային կամ միջազգային երկկողմ ձայնային ծառայության մատուցում՝ անկախ դրա հիմքում ընկած տեխնոլոգիայի կիրառումից, որի համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի համարներ կամ կոդեր:
«Սպասարկման ավտոմատ համակարգ»` առանց Օպերատորի միջամտության ծառայությունների իրականացման եղանակ, երբ որևէ բաժանորդային սարքին միանալու համար բաժանորդն իր վերջնակետային սարքավորման համարահավաքման դաշտում ինքնուրույն հավաքում է անհրաժեշտ հեռախոսահամարը:
«Հեռախոսակայան»` հեռախոսացանցի մաս` բաղկացած սարքավորումներից, կառավարման միջոցներից և ազդանշանային համակարգից, որոնց շնորհիվ ապահովվում է հեռախոսային միացումը:
«Էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վճարման բաժանորդային համակարգ»` վճարման համակարգ, որտեղ Բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը հաշվարկային ժամանակաշրջանի համար հաստատուն մեծություն է՝ անկախ փաստացի ստացած հեռախոսային ծառայությունների ծավալից (տրաֆիկից):
«Հեռախոսային ծառայությունների ժամանակավճարային համակարգ»` վճարման համակարգ, որտեղ Բաժանորդի կողմից հաշվարկային ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գումարը հաշվարկվում է փաստացի ստացած հեռախոսային ծառայությունների ծավալով (տրաֆիկով):
«Հեռախոսակայանի գործողության գոտի»` տարածք, որը տվյալ հեռախոսակայանին միացված մայրուղային, բաշխիչ ցանցերի մալուխային (ստորգետնյա կամ օդային) գծերի և ռադիոներթափանցման սարքավորումների միջոցով հեռախոսաֆիկացվել է կամ կարող է հեռախոսաֆիկացվել:
«Միջքաղաքային հեռախոսային ծառայություն»` բաժանորդների միջև հեռախոսային միացում, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ՝ տեղական զանգերի տարածքի:
«Տեղական զանգերի տարածք»` տարածք, որտեղ հեռախոսային ծառայությունը մատուցվում է Հանձնաժողովի կողմից հաստատված տեղական հեռախոսային ծառայությունների սակագներով:
«Միջազգային հեռախոսային ծառայություն»` Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վերջնական օգտագործողների միջև հեռախոսային միացում:
«Տեղական հեռախոսային ծառայություն»` տեղական զանգերի տարածքում գտնվող բաժանորդների միջև հեռախոսային միացում:
«Տուժանք (տուգանք, տույժ)»՝ տուժանք է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու, ներառյալ՝ կատարման կետանցի դեպքերում: Տուժանք վճարելու պահանջի դեպքում պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:
«Օր», «ամիս», «տարի»`  նշանակությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
«Կողմ»` Բաժանորդագրության պայմանագրի կողմերն են առանձին հիշատակման դեպքում:
«Կողմեր»` Բաժանորդագրության պայմանագրի կողմերն են համատեղ հիշատակման դեպքում:
«Հայաստանի Հանրապետության օրենսդրություն»` նշանակում է քննարկվող փաստի նկատմամբ կիրառելի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը (այսուհետ` ՀՀ օրենսդրություն):

3. ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
3.1. Պայմանները հանդիսանում են Օպերատորի` մատուցվող Ծառայությունների հրապարակային առաջարկ (օֆերտա), որը Բաժանորդ դառնալու ցանկություն ունեցող անձի կողմից այն ընդունելու (ակցեպտավորելու) պահից հանդիսանում է Բաժանորդի և Օպերատորի միջև կնքված և պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագիր (Բաժանորդագրության պայմանագիր):
3.2. Բաժանորդագրության պայմանագիրն ընդունվում (ակցեպտավորվում) է սույն Պայմաններում սահմանված ձևով ու կարգով ստորագրված Դիմումը Օպերատորին ներկայացնելու փաստով:
3.3. Բաժանորդագրության պայմանագիրը բաղկացած է Դիմում-պայմանագրից, ինչպես նաև Օպերատորի կողմից Վաճառքի և սպասարկման սրահներում և/կամ Պաշտոնական վեբ կայքում զետեղված սույն Պայմաններից, Սակագնային պլանից/փաթեթից, Ծառայությունների մատուցման այլ պայմաններից:
3.4. Վերոհիշյալ նորմերի և փաստաթղթերի միջև տարընթերցումների և/կամ հակասությունների առկայության դեպքում համապատասխան փաստաթղթերի դրույթները կիրառվում են հետևյալ գերակայությամբ` (1) Դիմում, (2) սույն Պայմաններ, (3) Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներում և Պաշտոնական վեբ կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմաններ, որոնք նախատեսված չեն սույն Պայմաններում:
3.5. Բաժանորդագրության պայմանագիրը գործում է Դիմումը ներկայացնելու օրվանից:
3.6. Բաժանորդագրության պայմանագիրը համարվում է կնքված Հավելվածում ամրագրված ժամկետով (ամսական, տարեկան՝ մեկ տարի, երեք ամիս (բացառիկ), տասներեք ամիս, տասնչորս ամիս, քսանչորս ամիս, սակայն չի բացառվում նաև այլ ժամկետների սահմանումը): Դիմում-պայմանագրում նշված ժամկետի լրանալուց մինչև 30 (երեսուն) օրվա ընթացքում Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ Պայմանագրի լուծման վերաբերյալ գրավոր դիմում չներկայացնելու դեպքում, վերջինս յուրաքանչյուր անգամ համարվում է նույնքան ժամկետով երկարաձգված։
3.7. Բաժանորդն իրավունք չունի Օպերատորից ստացած Ծառայությունները վերավաճառել այլ անձանց կամ օգտագործել Ծառայություններն էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման նպատակներով:
3.8. Բաժանորդը պարտավոր է կատարել Պայմանների, Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներում և/կամ Պաշտոնական վեբ կայքում զետեղված սույն Պայմաններում չնախատեսված Ծառայությունների մատուցման այլ պայմաններն ու պահանջները և հետևել դրանց փոփոխություններին:
3.9. Օպերատորի գովազդը կամ Ծառայությունների այլ կերպ ներկայացումը սույն Պայմանների և որևէ Սակագնային պլանի/փաթեթի պայմանների համաձայն Ծառայություններին բաժանորդագրվելու հրապարակային օֆերտան (առաջարկը) ընդունելու (ակցեպտավորելու) և Բաժանորդագրության պայմանագիր կնքելու հրավեր է:

4. ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
4.1. Բաժանորդագրության պայմանագիր կնքելու համար Բաժանորդ դառնալու ցանկություն ունեցող անձի կողմից Դիմումի հետ մեկտեղ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձը պարտավոր է ներկայացնել նշյալ փաստաթղթերից որևէ մեկը`
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ,
• լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացի չհանդիսացող (օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ) ֆիզիկական անձը պարտավոր է ներկայացնել նշյալ փաստաթղթերից որևէ մեկը՝
• անձը հաստատող փաստաթուղթ,
• ՀՀ տարածքում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,
• լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ:
4.2. Իրավաբանական անձը պարտավոր է ներկայացնել`
• պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված իրավաբանական անձի կնիքով,
• հարկ վճարողի հաշվառման համարը (եթե չի նշված պետական գրանցման վկայականում),
• իրավաբանական անձի վավերապայմաններ (հասցե, բանկային տվյալներ, գործող հեռախոսահամար, էլ-փոստի հասցե),
• իրավաբանական անձի անունից հանդես եկող լիազորված անձի լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը:
4.3. Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ներկայացնել`
• պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված իր կնիքով (կնիքի առկայության դեպքում),
• հարկ վճարողի հաշվառման համարը (եթե նշված չէ պետական գրանցման վկայականում),
• անհատ ձեռնարկատիրոջ անձը հաստատող փաստաթուղթը կամ իր անունից հանդես եկող լիազորված անձի լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը:
4.4. Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված փաստաթղթերով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում Բաժանորդը պարտավոր է 30 (երեսուն) օրվա ընթացքում այդ մասին հայտնել Օպերատորին և ներկայացնել գործող տվյալները հավաստող փաստաթղթերը:
4.5. Անհրաժեշտության դեպքում, Օպերատորի պահանջով Բաժանորդը և/կամ նրա լիազորված ներկայացուցիչը պարտավոր է ներկայացնել նաև Օպերատորի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Բաժանորդագրության պայմանագիր կնքելու համար Բաժանորդն Օպերատորին իրեն Ծառայություններ մատուցելու վերաբերյալ Դիմում է ներկայացնում, որի հիման վրա Բաժանորդի հետ կնքվում է դիմում-պայմանագիր՝ հստակ ամրագրելով Բաժանորդի տվյալները, ծառայության մատուցման հասցեն, նախընտրած Ծառայության տեսակը, Սակագնային պլանը/փաթեթը, բաժանորդավճարը, ծառայության մատուցման ժամկետը, սահմանված տուժանքը՝ յուրաքանչյուր միացված կետի համար:
5.2. Դիմումի հետ մեկտեղ ներկայացվում են համապատասխան Պահանջվող փաստաթղթերը:
5.3. Դիմումը պետք է ստորագրված լինի Բաժանորդի կամ նրա լիազորված անձի կողմից:
5.4. Բաժանորդն անձամբ կամ լիազորված անձի միջոցով Դիմումը ներկայացնում է Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահ:
5.5. Օպերատորն իրավունք ունի մերժել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե մերժումը պայմանավորված է Օպերատորի տեխնիկական հնարավորությունների բացակայությամբ, երբ Դիմումում նշված Ծառայությունների մատուցման աշխարհագրական տարածքը դուրս է Ցանցի հասանելիության տարածքի սահմաններից կամ պահանջում է չհիմնավորված ծախսեր, երբ Բաժանորդը Դիմումի հետ մեկտեղ չի ներկայացրել Պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև՝ եթե Ծառայությունների մատուցման ցանկալի հասցեում մեկ այլ Բաժանորդագրության պայմանագրի շրջանակներում արդեն մատուցված Ծառայությունների դիմաց կան չմարված պարտավորություններ, և այդ անձինք ընդհանուր տնտեսական շահ ունեն:
5.6. Դիմումի մերժման պատճառների մասին Օպերատորը պարտավոր է 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում հայտնել Բաժանորդին: Օպերատորը Բաժանորդին մերժման մասին ծանուցում է այն հեռախոսային կապի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, որը Բաժանորդը նշել է իր գրավոր Դիմումի մեջ: Գրավոր ձևով մերժման մասին ծանուցումն Օպերատորը հանձնում է Բաժանորդին իր Վաճառքի և սպասարկման սրահում կամ փոստով` Բաժանորդի կողմից Դիմումում նշված հասցեով:
Դիմումի մերժման վերաբերյալ ծանուցումը ներկայացնելու/ստանալու պահից Բաժանորդագրության պայմանագիրը համարվում է լուծված:
5.7. Օպերատորի կողմից Ծառայությունների մատուցումը պահանջում է Բաժանորդի տարածքում Սարքի տեղադրում: Տեխնիկական հնարավորությունների առկայության և սույն Պայմանների պահանջները բավարարելու դեպքում Բաժանորդի կողմից Դիմումը և Պահանջվող փաստաթղթերն Օպերատորին ներկայացնելու օրվանից մինչև 30 (երեսուն) օրվա ընթացքում Օպերատորը պարտավոր է Բաժանորդի տարածքում տեղադրել համապատասխան Սարքը և միացնել Ցանցին:
5.8. Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն մատուցելու նպատակով ֆիքսված հեռախոսակապի ցանցում Բաժանորդին նույնականացնելու նպատակով Օպերատորն իր համարային ռեսուրսներից Բաժանորդին հեռախոսահամար է տրամադրում:
5.9. Սույն Պայմանները և որոշ այլ փաստաթղթեր, որոնց Բաժանորդը կարող է ծանոթանալ ու ձեռքբերել Պաշտոնական վեբ կայքից, Բաժանորդի կողմից գրավոր չպահանջվելու դեպքում, թղթային տարբերակով վերջինիս չեն տրամադրվում:
5.10. Բաժանորդն իրավունք ունի Օպերատորի կողմից սահմանված կարգով փոփոխել նախընտրած Ծառայությունների ցանկը, Սակագնային պլանները/փաթեթները (բացառությամբ՝ Օպերատորի Պաշտոնական վեբ կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմաններով սահմանված դեպքերի)` ներկայացնելով համապատասխան դիմումը և Պահանջվող փաստաթղթերը, պայմանով, որ նման պահանջ ներկայացնելու պահին Բաժանորդն Օպերատորի նկատմամբ չմարված պարտավորություն չի ունենա:
5.11. Բաժանորդագրության պայմանագրի գործողության ավարտից հետո Բաժանորդը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Օպերատորին վերադարձնել վերջինիս կողմից տրամադրված Սարքն իր պատկանելիքներով, ինչը հավաստվում է Կողմերի միջև կնքված հանձնման–ընդունման ակտով:
5.12. Օպերատորն իրավունք ունի տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, նախապես տեղեկացնելով Բաժանորդին, փոփոխել վերջինիս Հեռախոսահամարը:

6. ՍԱՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6.1. Սարքի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Օպերատորին, իսկ Բաժանորդը ձեռք է բերում Սարքի օգտագործման իրավունք: Բաժանորդն իրավունք չունի Սարքը կամ դրա նկատմամբ օգտագործման իրավունքը փոխանցել երրորդ կողմին: Բաժանորդը պարտավոր է Սարքն օգտագործել միայն Դիմում-պայմանագրով և Պայմաններով սահմանված նպատակներին ու կանոններին համապատասխան: Սարքը և դրա տեղադրման համար նախատեսված մալուխը, ինչպես նաև այլ տեխնիկական միջոցները Բաժանորդին են հանձնվում հանձնման–ընդունման ակտով:
6.2. Սարքը հետագայում հնարավորություն ունի կիրարկվել այլ բաժանորդներին Ծառայություններ տրամադրելու նպատակով, ինչի հետ կապված Բաժանորդը, սույն պայմանների ավարտից հետո, սարքավորման նկատմամբ ոչ մի իրավունք ունենալ չի կարող և բաժանորդագրության պայմանագրի միակողմանի, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ ցանկացած այլ կերպ լուծումից/դադարելուց հետո, պարտավորվում է վերադարձնել սարքին և պատշաճ վիճակում՝ հաշվի առնելով բնականոն մաշվածությունը: Ընդ որում, Օպերատորի կողմից Բաժանորդագրության պայմանագրի միակողմանի լուծման դեպքում, սարքը վերջինիս կողմից կարող է հետ վերցվել առանց Բաժանորդի համաձայնությունն ստանալու:
6.3. Բաժանորդը պարտավոր է ապահովել Սարքի պահպանությունը, Սարքն օգտագործել Օպերատորի, արտադրողի կողմից և այլ կերպ Սարքին ներկայացվող պահանջներին ու շահագործման կանոններին համապատասխան:
6.4. Բաժանորդը պատասխանատվություն է կրում Սարքին պատճառված այն վնասի կամ դրա կորստի համար, որն առաջացել է Բաժանորդի մեղքով կամ նրա կողմից Սարքի պահպանության համար բավարար գործողություններ չձեռնարկելու արդյունքում:
6.5. Բաժանորդը չպետք է իրեն տրամադրված Սարքն օգտագործի անհամատեղելի այլ սարքավորումների հետ կամ որևէ այլ եղանակով, որը կարող է ազդել Օպերատորի ցանցի և/կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:
6.6. Սարքի տեղադրումը, կարգաբերումը և տեղափոխումն (մատուցվող Ծառայությունների հասցեափոխության դեպքում) իրականացվում է միայն Օպերատորի մասնագետների կողմից:
6.7. Բաժանորդը պարտավոր է Սարքն օգտագործել միայն այն վայրում, որտեղ այն տեղադրվել և կարգաբերվել է Օպերատորի մասնագետների կողմից` միայն Օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու նպատակով:
6.8. Բաժանորդագրության պայմանագրի գործողության ավարտից (լուծումից) հետո Բաժանորդը պարտավոր է 7 (յոթ) օրվա ընթացքում Օպերատորի մասնագետների համար հնարավորություն ստեղծել Սարքը, Սարքի պատկանելիքներն ապամոնտաժելու համար:
6.9. Բաժանորդագրության պայմանագրի գործողության ավարտից (լուծումից) հետո Բաժանորդը հետ է վերադարձնում Սարքը սարքին վիճակում՝ հաշվի առնելով բնականոն մաշվածությունը:
6.10. Օպերատորն իրավունք ունի Բաժանորդի տարածքում Ցանցային միացումներ կատարելու համար Բաժանորդից պահանջել միացման վճար, եթե Օպերատորի կողմից օգտագործված նյութերի քանակը և կատարված աշխատանքների ծավալը գերազանցում են Օպերատորի կողմից կիրառվող սահմանագիծը:
6.11. Օպերատորը պատասխանատու չէ իր կողմից տրամադրված Սարքի միջոցով Բաժանորդին պատճառված վնասի համար, եթե դա տեղի է ունեցել Բաժանորդի կողմից Սարքի ոչ պատշաճ օգտագործման արդյունքում:
6.12. Սարքի կորստի կամ գողության դեպքում Բաժանորդը պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Օպերատորին:
6.13. Օպերատորը պարտավորվում է Բաժանորդի կողմից Սարքի կորստի կամ գողության մասին պատշաճ ծանուցվելու դեպքում՝ Բաժանորդի կողմից Ծառայությունների կասեցման պահանջ ներկայացնելու պահից, կասեցնել Ծառայությունների մատուցումը:
6.14. Սարքը հանձնվում է Բաժանորդին և հետ է վերցվում Բաժանորդից Կողմերի միջև կազմված և Բաժանորդագրության պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հանձնման-ընդունման ակտի հիման վրա:
6.15. Սարքի ոչ պատշաճ օգտագործման, պատահական կորստի, վնասվածքի կամ հափշտակության ռիսկը փոխանցվում է Բաժանորդին` Սարքի հանձնման–ընդունման ակտն ստորագրելու պահից:
6.16. Սարքի կորստի, հափշտակության կամ վնասման դեպքում Բաժանորդին նոր Սարքի տրամադրումը հնարավոր է միայն Բաժանորդի կողմից հին Սարքի համար փոխհատուցում վճարելուց հետո:
6.17. Օպերատորը պարտավորվում է Բաժանորդին տրամադրված Սարքն անվճար փոխարինել նոր Սարքով, եթե Օպերատորի կողմից հայտնաբերվել են հին Սարքի արտադրական թերություններ:
6.18. Օպերատորի կողմից Սարքը վերադարձնելու պահանջն ստանալու պահից Բաժանորդը պարտավորվում է անհապաղ դադարեցնել Սարքի օգտագործումը և առավելագույնը 7 (յոթ) օրվա ընթացքում Օպերատորի մասնագետների համար Սարքը և պատկանելիքներն ապամոնտաժելու համար հնարավորություն ստեղծել:

7. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Օպերատորը մատուցում է Հայաստանի Հանրապետությունում հանրային էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) և հարակից այլ ծառայություններ:
7.2. Ծառայությունների նկարագրությունը, Ծառայությունների նկատմամբ կիրառելի սակագները, պայմանները և կանոնները սահմանվում են Օպերատորի կողմից: Օպերատորը կարող է որպես մեկ ծառայություն մատուցել ծառայությունների միասնական փաթեթ:
7.3. Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների, Սակագնային պլանների/փաթեթների առանձնահատկությունները, բնույթը, տեսակը, նկարագրությունը, դրանց նկատմամբ կիրառվող սակագները, զեղչային ու այլ առաջարկները և այլ տեղեկությունների մանրակրկիտ նկարագրությունը զետեղված է Օպերատորի Պաշտոնական վեբ կայքում, ինչպես նաև Վաճառքի և սպասարկման սրահներում:
7.4. Ծառայությունները մատուցվում են Օպերատորի ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում:
7.5. Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները հետևյալն են`
• «Լայնաշերտ ինտերնետ»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի Ցանցին միացում, որի միջոցով Բաժանորդը հնարավորություն է ստանում մուտք գործել ինտերնետ՝ առանց Օպերատորի կողմից փոխանցվող տեղեկության բովանդակության վերահսկողության:
• «Հեռուստառադիոծրագրերի մալուխային հեռարձակում»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի Ցանցին միացում հեռարձակման կամ վերահեռարձակման ծառայությունների մատուցման նպատակով, որոնց ընթացքում տվյալները փոխանցվում են IP պրոտոկոլի (Internet Protocol) տվյալների փոխանցման ցանցի օգնությամբ:
• «Ֆիքսված հեռախոսակապ»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդային ցանցին միացում, ինտերնետի և/կամ հեռախոսացանցի միջոցով ձայնային ազդանշանների փոխանցում տեղական, միջքաղաքային և միջազգային մակարդակներում՝ առանց Օպերատորի կողմից փոխանցվող տեղեկատվության բովանդակության վերահսկողության:
• ՏՏ ոլորտի հարակից այլ ծառայություններ:
7.5.1. «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ իրավասու է ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքել Գործակալության և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ պայմանագրեր:
Գործակալության պայմանագրի հիմքով Գործակալը (ֆիզիկական կամ իրավաբանական անձը) պարտավորվում է «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ հանձնարարությամբ, անունից ու հաշվին մատուցել գործակալական ծառայություններ, մասնավորապես՝ վերջինիս կողմից մատուցվող հեռախոսակապի, հեռուստատեսային ծառայություններին միանալու համար կազմել և Բաժանորդներից ընդունել Դիմումներ, դրանք փոխանցել «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ ստուգմանը, իր կողմից մատուցվող ծառայությունների, սակագների վերաբերյալ բաժանորդներին տրամադրել խորհրդատվություն, ապահովել վերջնակետային սարքավորումների բնականոն աշխատանքը:
Սույնի պայմանների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Կողմերի միջև կնքված Գործակալության Պայմանագրով:
7.6. Ծառայությունները մատուցվում են կանխավճարային կամ հետվճարային հիմունքներով:
7.7. Ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
7.8. Դառնալով Բաժանորդագրության պայմանագրի կողմ` Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ ստանալ գովազդային, առևտրային և/կամ այլ հաղորդագրություններ այն օպերատորի բջջային ցանցի միջոցով, որի բաժանորդը հանդիսանում է և/կամ իր Դիմումում նշած էլեկտրոնային փոստի միջոցով: Դրանք ստանալուց հրաժարվելու ցանկության մասին Բաժանորդը պետք է գրավոր տեղեկացնի Օպերատորին:

8. ԴՈՄԵՆԱՅԻՆ ԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
8.1. Դոմենային անունը գրանցելու համար ստուգվում է Պատվիրատուի նախընտրած դոմենային անվան գրանցման հնարավորությունը:
8.2. Եթե Պատվիրատուի նախընտրած դոմենային անունն ազատ է գրանցման համար, ապա Պատվիրատուն լրացնում է Կատարողի կողմից սահմանած Հավելվածը (վերջինս հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը) և այն ներկայացնում Կատարողին, ինչի արդյունքում տվյալ դոմենային անունն այլ անձանց կողմից գրանցելու համար դառնում է անհասանելի (այսուհետ՝ դոմենային անվան վավերացում):
8.3. Դոմենային անվան վավերացման պահից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում Պատվիրատուն պարտավոր է կատարել սահմանված վճարումը, հակառակ դեպքում, տվյալ դոմենային անվան գրանցում տեղի չի ունենում, և տվյալ դոմենային անունը հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրանցման համար:
8.4. Դոմենային անունը գրանցվում է վավերացումից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե նախատեսված վճարումն իրականացվել է, ընդ որում, գրանցման օր է համարվում դոմենային անվան վավերացման ամսաթիվը։
8.5. Դոմենային անվան գրանցման Ծառայությունը Կատարողի կողմից համարվում է պատշաճ մատուցված և Պատվիրատուի կողմից ընդունված, երբ դոմենային անունը մուտքագրվում է Կատարողի տվյալների շտեմարանում։
8.6. Կատարողն ապահովում է դոմենային անվան գրանցման վերաբերյալ տեղեկությունների փոխանցում ԻՀ-ի https://www.amnic.net/whois/ տեղեկատվական բնույթ ունեցող կայք իր տվյալների շտեմարանում գրանցման հետ զուգընթաց։
8.7. Կատարողն իրավասու է չմատուցել կամ միակողմանիորեն դադարեցնել Ծառայությունը, եթե՝
8.7.1. նույնական դոմենային անուն արդեն իսկ գրանցվել է մեկ այլ անձի կողմից,
8.7.2. նույնական դոմենային անվան համար գրանցման հայտ (վավերացում) արդեն իսկ ներկայացվել է,
8.7.3. մինչև Պատվիրատուի կողմից սահմանված կարգով վճարում կատարելը, տվյալ դոմենային անունը գրանցվել է երրորդ անձի կողմից,
8.7.4. դոմենային անվան գրանցումը Պատվիրատուի կողմից հակասում է ԻՀ ՀԿ կողմից սահմանված կանոններին (https://www.amnic.net/policy/am/) և/կամ ՀՀ օրենսդրությանը,
8.7.5. առկա է ՀՀ դատական մարմնի որոշում և դրա հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման մասին որոշում, արբիտրաժային տրիբունալի որոշում, վարչական ակտ, Կատարողի կողմից կատարման համար պարտադիր այլ նորմատիվ կամ անհատական ակտ, որը դադարեցնում է տվյալ դոմենային անվան գրանցումը կամ որևէ կերպ օգտագործումը,
8.7.6. դոմենային անվան գրանցման համար տրամադրված փաստաթղթերը/տվյալները կեղծ են կամ թերի,
8.7.7. դոմենային անունն օգտագործվել է, մասնավորապես, չպահանջված էլեկտրոնային հաղորդակցություն՝ սփամ, տարածելու համար կամ այլ անօրինական նպատակներով, որևէ ռասսայական, ազգամիջյան, կրոնական կամ էթնիկ չափանիշներով գժտության հրահրման, ահաբեկչական և ծայրահեղական ուղղության գործունեության խթանման և ուժի կիրառման քարոզչության, թմրանյութերի, դրանց պատրաստման և շրջանառության մեթոդների տարածման, պոռնոգրաֆիկ նյութերի գովազդման և տարածման, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտուր իրականացնելու, ֆինանսական հանցագործությունների կազմակերպման, կիբերհանցագործություններ իրագործելու կամ դրանց խթանման համար կամ դոմենային անվան մեջ օգտագործված է անվայել բառապաշար,
8.7.8. առկա են Պատվիրատուի կողմից պարտավորությունների այլ էական խախտումներ:
8.8. Պայմանագրի 8.7.8. կետում սահմանված չափանիշների առկայությունը հաստատվում է ԻՀ ՀԿ համապատասխան աշխատանքային խմբի եզրակացությամբ, և Պատվիրատուն ընդունում է, որ նման որոշման առկայությունը բավարար հիմք է համապատասխան գրանցումը դադարեցնելու համար:
8.9. Դոմենային անվան գրանցման դեպքում, Պատվիրատուն համաձայնում է, որ՝
8.9.1. իր անունը, ազգանունը, իր կողմից տրամադրված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև գրանցված դոմենային անունը տեղադրվեն Կատարողի կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում, ինչպես նաև «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից վարվող .AM տվյալների շտեմարանում՝ անորոշ ժամկետով։
8.9.2. Վճարում կատարելու համար իր կողմից տրամադրած հեռախոսահամարի վրա կարճ հաղորդագրության (SMS) միջոցով կամ իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին ուղղված նամակով դոմենային անվան գրանցման ժամկետի ավարտի վերաբերյալ ստանալու է հիշեցումներ։
8.10. Դոմենային անվան վերագրանցման համար Պատվիրատուն պարտավոր է մինչև նախորդ գրանցման ժամանակահատվածի ավարտը վճարել դոմենային անվան գրանցման համար սահմանված Ծառայության գինը:
8.11. Դոմենային անվան գրանցման ժամկետի ավարտից առնվազն 2 (երկու) ամիս առաջ Կատարողը Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեով հիշեցում է ուղարկում դոմենային անվան գրանցման ժամկետի լրանալու վերաբերյալ և առաջարկում դոմենային անվան վերագրանցման համար վճարել Ծառայության գինը:
8.12. Դոմենային անվան գրանցման ժամկետի ավարտից 1 (մեկ) ամիս առաջ Կատարողը ՀՀ ռեզիդենտ Պատվիրատուների էլեկտրոնային փոստի հասցեներով և SMS կարճ հաղորդագրության միջոցով, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտ Պատվիրատուների դեպքում, էլեկտրոնային փոստի հասցեներով գրավոր հիշեցում է ուղարկում դոմենային անվան գրանցման ժամկետը լրանալու վերաբերյալ և առաջարկում է դոմենային անվան վերագրանցման համար վճարել Ծառայության գինը:
8.13. Պատվիրատուի կողմից մինչև դոմենային անվան գրանցման ժամկետի ավարտը վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում, Կատարողի կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում դոմենային անունը փոխում է իր կարգավիճակը՝ դառնալով հանրության համար անհասանելի, սակայն այն պահպանվում է ևս 45 (քառասունհինգ) օր՝ վերագրանցման հնարավորությամբ: Նշված 45 (քառասունհինգ) օրվա ընթացքում վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում, Պատվիրատուն կորցնում է .AM տիրույթում դոմենային անվան նկատմամբ իր իրավունքները և նոր գրանցում կարող է իրականացվել ընդհանուր հիմունքներով:
8.14. Պատվիրատուի տվյալների «Հասանելիության սահմանափակում» լրացուցիչ ծառայությունն ընտրելու դեպքում, հանրությանը հասանելի Կատարողի «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից վարվող .AM տվյալների շտեմարանում Պատվիրատուի տվյալների դաշտերում (բացառությամբ՝ DNS տվյալների) Պատվիրատուի տվյալների փոխարեն նշվում են Կատարողի կամ վերջինիս կողմից ղեկավարվող անձի տվյալները (դոմենային անունը տիրապետում է Կատարողը, սակայն դոմենային անվան տնօրինման և օգտագործման բոլոր իրավունքները պատկանում են Պատվիրատուին: Առանց Պատվիրատուի համաձայնության, Կատարողն իրավունք չունի հրաժարվել դոմենային անունից կամ դրա տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքները փոխանցել երրորդ կողմի):
8.15. «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ-ն և «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն որևէ պատասխանատվություն, այդ թվում՝ ֆինանսական (վնասի հատուցման և այլն), չեն կրում դոմենային անունը չգրանցելու, գրանցումը դադարեցնելու, կասեցնելու կամ սահմանված այլ Ծառայություն չմատուցելու համար:
8.16. Սույն Հատուկ Պայմանները տեղադրված են Կատարողի հաճախորդների սպասարկման կենտրոնում և հրապարակված վերջինիս պաշտոնական կայքում (www.abcdomain.am):

9. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9.1. Ծառայությունները մատուցվում են տարվա բոլոր օրերին, շուրջօրյա, առանց ընդհատումների:
9.2. Օպերատորը Ծառայությունները մատուցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Օպերատորին տրված լիցենզիաներին ու թույլտվություններին համապատասխան:
9.3. Օպերատորը պարտավորվում է ձեռնարկել իրենից կախված բոլոր անհրաժեշտ միջոցները Ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու նպատակով:
9.4. Այդուամենայնիվ սույնով Բաժանորդն ընդունում է, որ Ծառայությունների մատուցումը և դրանց որակը կախված է ոչ միայն Օպերատորից, այլ նաև Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, որոնց համար Օպերատորը պատասխանատվություն չի կրում:
9.5. Մատուցվող Ծառայությունների որակը և ծավալը կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից` սույն Պայմանների և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոնների համաձայն:
9.6. Ծառայությունների մատուցումը կարող է ընդհատվել, սահմանափակվել կամ որակը վատթարանալ վերանորոգման, տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման, ինչպես նաև տեխնիկական խափանումների դեպքում: Օպերատորը պարտավոր է իրեն հասանելի բոլոր միջոցները ձեռնարկել առաջացած տեխնիկական խափանումները վերացնելու համար:
9.7. Ծառայությունների ստացման հնարավորությունը, դրանց տեխնիկական և/կամ որակական հատկանիշները կարող են կախված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում՝ Բաժանորդային սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների բնականոն շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, այլ օպերատորների ցանցերի անկանոն աշխատանքից, տեղանքի առանձնահատկություններից և օդերևութաբանական պայմաններից:
9.8. Օպերատորը պատասխանատվություն չի կրում սպամի, հակերային գործունեության, վիրուսների փոխանցման և դրա հետևանքով Բաժանորդին պատճառված վնասների համար:
9.9. Օպերատորը որևէ վերահսկողություն չի իրականացնում և պատասխանատվություն չի կրում իր ցանցով տեղափոխվող ու ստացվող տեղեկատվության, դրա բովանդակության համար: Վերջինս օգտագործվում է Բաժանորդի ռիսկով ու պատասխանատվությամբ:
9.10. Բաժանորդն ընդունում է Օպերատորի կողմից Ծառայությունների կասեցումը կամ դադարեցումը, նաև առանց նախազգուշացման, ցանցի խափանման և/կամ երրորդ անձանց կողմից Օպերատորին մատուցվող ծառայության անսպասելի դադարեցման դեպքում:
9.11. Ցանցի վերանորոգման, ընդլայնման, ամրապնդման և/կամ պրոֆիլակտիկ աշխատանքների կատարմամբ պայմանավորված՝ Օպերատորը, նախապես Պաշտոնական վեբ կայքում համապատասխան տեղեկություն զետեղելուց և/կամ իր կողմից ընդունելի այլ ձևով Բաժանորդին ծանուցելուց հետո, իրավունք ունի ժամանակավորապես դադարեցնել Ծառայությունների մատուցումը:
9.12. Ցանկացած դեպքում Ծառայությունների մատուցման թերությունները վերացնելու նպատակով Բաժանորդը պարտավոր է թույլ տալ Օպերատորի ներկայացուցչին աշխատել Ցանցի, Սարքի, այլ uարքավորումների վրա, uահմանաբաժան կետի վրա, Ցանցին, Սարքին, հեռախոuացանցին կամ ինտերնետային ցանցին միացված լարերի և վերջնակետային սարքավորումների վրա:
9.13. Ծառայությունների մատուցման թերությունների վերացման ծախսերը կրում է Բաժանորդը, եթե թերություններն առաջացել են Բաժանորդի մեղքով:
9.14. Ծառայությունների ամբողջությամբ բացակայության վերաբերյալ պատշաճ ծանուցվելու պահից (Բաժանորդի կողմից գրավոր դիմում ստանալու պահից) առավելագույնս 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում Օպերատորի կողմից Ծառայության/ների հետ կապված թերությունները չշտկելու և չվերականգնելու դեպքում, Օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր չօգտագործված օրվա համար փոխհատուցել տվյալ Ծառայությամբ: Դրան համամասնորեն, պայմանագրի ժամկետը կերկարաձգվի համապատասխան օրերի քանակով: Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ծառայության/ների չմատակարարելու համար այն դեպքում, եթե մատակարարումը դադարեցվել է ոչ իր մեղքով:
9.15. Օպերատորի կողմից Բաժանորդին տրամադրած հեռախոսահամարին հաղորդագրություն կամ էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու, կամ Օպերատորի պաշտոնական վեբ կայքի միջոցով, կամ որևէ այլ գրավոր եղանակով վերջինիս պարբերաբար համապատասխան փոփոխությունների և այլն նորությունների/իրազեկումների վերաբերյալ տեղեկատվություն ուղարկելու պահից, Բաժանորդը համարվում է պատշաճ ծանուցված և տեղեկացված՝ անկախ այն հանգամանքից՝ Բաժանորդը ծանոթացել է, թե՝ ոչ:
9.16. Բաժանորդի տրամադրած հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի, անձնական տվյալների ցանկացած փոփոխության դեպքում, վերջինս պարտավորվում է այդ մասին անհապաղ որևէ կերպ տեղեկացնել Օպերատորին, հակառակ դեպքում Օպերատորը որևէ պատասխանատվություն չի կրում:
9.17. Բաժանորդի մահվան, դատարանի վճռով մահացած հայտարարվելու, անհայտ բացակայող, սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչվելու դեպքում, սույն Բաժանորդագրության պայմանագրով ամրագրված պարտավորությունները փոխանցվում են նրա իրավահաջորդ/ներին՝ մինչև վերջինիս լուծումը:
9.18. Օպերատորը պարտավոր չէ պայմանագրի լուծումից հետո 6 (վեց) ամսից ավելի ժամկետով պահպանել Բաժանորդի տվյալների, մատուցած ծառայությունների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:

10. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10.1. Օպերատորն իրավունք ունի`

10.1.1. ինքնուրույն սահմանել և ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Պայմանները, Ծառայությունների ցանկը, Սակագնային պլանները/փաթեթները, դրանց մատուցման պայմանները, կանոնները և սակագները,
10.1.2. ելնելով տեխնիկական անհրաժեշտությունից, Ծառայությունների ծավալների նկատմամբ սահմանափակումներ կիրառել,
10.1.3. Բաժանորդին, սույն պայմանագրով ամրագրված ծառայություններից զատ, հավելյալ լրացուցիչ Ծառայություններ մատուցելու դեպքում, վերջինից պահանջել առանձին վճար կատարել,
10.1.4. առանց որևէ կերպ ծանուցման, միակողմանիորեն կասեցնել Ծառայությունների մատուցումը և դադարեցնել Բաժանորդագրության պայմանագիրը, եթե Բաժանորդը չի վճարել իրեն մատուցված Ծառայությունների դիմաց առնվազն 1 (մեկ) ամիս կամ խախտել է Բաժանորդագրության պայմանագրի այլ դրույթները: Ընդ որում, Պայմանագիրը դադերեցվում է առանց որևէ ծանուցման: Ամեն դեպքում ծառայությունների կասեցումը և/կամ Սարքի, մալուխի ապամոնտաժումը Բաժանորդին չի ազատում իր վճարային պարտքը Օպերատորին կատարելու պարտավորությունից,
10.1.5. Բաժանորդի կողմից Բաժանորդագրության պայմանագրի պայմանների ու դրույթների խախտման դեպքում միակողմանիորեն հրաժարվել Բաժանորդագրության պայմանագրից և ապամոնտաժել իր կողմից տեղադրված մալուխներն ու Սարքը,
10.1.6. Բաժանորդի կողմից Բաժանորդագրության պայմանագրի խախտման դեպքում կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:

10.2. Օպերատորը պարտավորվում է`
10.2.1. տեխնիկական հնարավորությունների սահմաններում ապահովել Ծառայություններից օգտվելու Բաժանորդի հնարավորությունը և պատշաճ որակը,
10.2.2. Ծառայություններից օգտվելու նպատակով Բաժանորդին օգտագործման իրավունքով տրամադրել Սարք և կատարել համապատասխան ցանցային միացումներ,
10.2.3. Բաժանորդին տեղեկատվություն տրամադրել Օպերատորի ցանցի հասանելիության, Տեխնիկական հնարավորությունների, Բաժանորդի կողմից ընտրված Սակագնային պլանով նախատեսված Ծառայությունների առանձնահատկությունների, հատկանիշների, Ծառայությունների մատուցման պայմանների, մատուցված Ծառայությունների ծավալի և անձնական հաշվի մնացորդի վերաբերյալ, ստանալ իրեն մատուցված Ծառայությունների վերծանումները, ինչի համար Օպերատորը կարող է ծառայության առանձին վճար գանձել:

10.3. Բաժանորդն իրավունք ունի`
10.3.1. տեխնիկական հնարավորությունների սահմաններում ստանալ Ծառայությունները, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ առաջարկվող Ծառայությունների, կիրառվող Սակագնային պլանների/փաթեթների, մատուցված Ծառայությունների տեսակի, ծավալի, արժեքի, գանձված գումարների և անձնական հաշվի ընթացիկ մնացորդի մասին,
10.3.2. ստանալ իրեն մատուցված Ծառայությունների վերծանումները, ինչի համար Օպերատորը կարող է ծառայության առանձին վճար գանձել,
10.3.3. ավելացնել Ծառայության արագությունը: Ծառայության արագության ավելացումը կատարվում է ավելացված արագության սակագնով վճարում կատարելուն հաջորդող աշխատանքային օրը` պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող Պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրում դրա վերաբերյալ համապատասխան ամրագրում կատարելուց հետո,իրավունք ունի նաև իր դիմումի համաձայն ավելացնել գործող հասցեում լրացուցիչ կետերի ծառայություն: 
10.3.4. տարեկան բաժանորդագրության դեպքում տվյալ հաշվարկային տարում ընդամենը 1 (մեկ) անգամ, անվճար հիմունքներով՝ մինչև 30 օր ժամկետով, դադարեցնել (կասեցնել) իրեն մատուցվող Ծառայությունները:
10.3.5. Ծառայությունների մատուցման կասեցման, սահմանափակման կամ դադարեցման դեպքում վերաակտիվացում և/կամ վերամիացում կարող է կատարվել միայն Օպերատորի նկատմամբ ունեցած վճարային պարտքը, տույժերը, եթե այդպիսիք հաշվարկվել են, վերաակտիվացման համար գանձվող վճարը և Օպերատորի կողմից կատարած աշխատանքների դիմաց վճարները և այլ փաստացի կատարված ծախսերը Բաժանորդի կողմից վճարվելու դեպքում:
10.3.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Օպերատորի կողմից սահմանված կանոններով նախատեսված դեպքերում և տեխնիկական հնարավորության սահմաններում հրաժարվել Օպերատորի կողմից Ցանցի միջոցով տարածվող գովազդային և/կամ տեղեկատվական հաղորդագրությունների ստացման հնարավորությունից,
10.3.7. գրավոր տեղեկացնելով Օպերատորին՝ միակողմանիորեն վաղաժամկետ հրաժարվել Բաժանորդագրության պայմանագրից` վճարելով մինչև վերջինիս լուծման օրն իրեն մատուցված Ծառայությունների դիմաց, ինչպես նաև Բաժանորդագրության պայմանագրի միակողմանի վաղաժամկետ լուծման համար Օպերատորի կողմից նախատեսված այլ վճարումները (տուժանքները, տուգանքները և այլն), եթե այդպիսիք առկա են: Պայմանագիրը վաղաժամկետ կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

10.4. Բաժանորդը պարտավորվում է`
10.4.1. կատարել Օպերատորի կողմից սահմանված ու հրապարակված Պայմանների, կանոնների պահանջները և հետևել դրանց ընթացքին, փոփոխություններին,
10.4.2. Օպերատորի կողմից սահմանված կարգով և ժամկետներում վճարել մատուցված Ծառայությունների դիմաց, իսկ Օպերատորի կողմից նախատեսված դեպքերում, կատարել երաշխիքային դեպոզիտի վճարում կամ կանխավճար,
10.4.3. ապահովել Բաժանորդի հետ կնքված Հավելվածում նշված ժամկետով բաժանորդագրության պարտադիր ժամկետը և հանդիսանալ իր կողմից ընտրված սակագնային պլանի բաժանորդ, Բաժանորդը համարվում է նշյալ պարտավորությունն ամբողջությամբ և պատշաճ կատարած, եթե Հավելվածում նշված ժամկետի չափով անընդմեջ հանդիսացել է Օպերատորի Ծառայություններից օգտվող, ժամանակին և ամբողջությամբ վճարել է տվյալ ամիսների բաժանորդագրության վճարները:
10.4.4. Ծառայություններից օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Բաժանորդագրության պայմանագրին և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններին ու պահանջներին համապատասխան` չխախտելով երրորդ անձանց իրավունքները,
10.4.5. զերծ մնալ Ծառայությունների այնպիսի օգտագործումից, որի արդյունքում կարող են խախտվել Օպերատորի կամ այլ անձանց իրավունքները կամ անհարմարություն պատճառել, չօգտագործել մատուցվող Ծառայություններն օրենքին և սույն պայմանագրին հակասող նպատակներով, ինչպես նաև այլ անձանց համանման ծառայությունների մատուցման համար, չվերավաճառել Ծառայությունները, կամ տրամադրել այլ անձանց որևէ իրավունքով (Սա հիմք է Օպերատորի կողմից բաժանորդագրության պայմանագրի միակողմանի վաղաժամկետ լուծման և սահմանված տուժանքի գանձման համար),
10.4.6. Բաժանորդագրության պայմանագրով ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները չփոխանցել երրորդ անձանց,
10.4.7. չօգտագործել Սարքն այլ սարքերի հետ, որոնք նախատեսված չեն նման կերպ օգտագործման համար կամ օգտագործել Սարքը որևէ այլ կերպ, որը կարող է վնաս հասցնել Սարքին, Ցանցին կամ որևէ ձևով ազդել Սարքի և/կամ Ցանցի գործառնությունների վրա,
10.4.8. Օպերատորի կողմից տրամադրված Սարքը պահպանել պատշաճ և սարքին վիճակում, զերծ մնալ Սարքը ոչ պատշաճ օգտագործելուց,
10.4.9. առանց Օպերատորի թույլտվության Սարքը չտեղափոխել և այն օգտագործել միայն այն տարածքում, որտեղ վերջինս տեղադրվել և կարգաբերվել է Օպերատորի մասնագետների կողմից,
10.4.10. ապահովել Ծառայությունների ստացման համար անհրաժեշտ իրենից կախված բոլոր միջոցները և որևէ կերպ չվիճարկել իր թերացումներով պայմանավորված Ծառայությունների տատանումները կամ ընդհատումները, մասնավորապես, Օպերատորը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի կողմից Օպերատորի տրամադրված սարքավորումների տեխնիկական շահագործման պայմանների խախտման, հոսանքի ոչ անխափան մատակարարման, սարքավորումների չմիացման, անջատված լինելու, հոսանքի տատանումներից առաջացած ցանկացած խնդրի ծագման համար և այլն,
10.4.11. Օպերատորի կողմից ներկայացված հաշիվներում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում Հաշվետու ամսվա ավարտից սկսած 5 (հինգ) օրվա ընթացքում այդ անհամապատասխանությունների մասին հայտնել Օպերատորին՝ վիճարկելով հաշիվը: Վերոհիշյալ ժամկետի ավարտից հետո Բաժանորդն այլևս չի կարող վիճարկել Հաշվետու ամսվա համար Օպերատորի կողմից ներկայացված հաշիվը:

11. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ
11.1. Ծառայությունների տեսակի, արժեքի և բնութագրի վերաբերյալ տեղեկությունները զետեղված են Օպերատորի Պաշտոնական վեբ կայքում, Վաճառքի և սպասարկման սրահներում:
11.2. Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Բաժանորդի կողմից ընտրված Սակագնային պլանի/փաթեթի համար Օպերատորի կողմից սահմանված սակագները, որոնք հրապարակված են Օպերատորի Պաշտոնական վեբ կայքում և ներկայացված են Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներում:
11.3. Ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են կանխավճարային (եթե բաժանորդը ֆիզիկական անձ է) կամ հետվճարային (եթե Բաժանորդը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր) եղանակով, ինչպես նաև կարող է պահանջվել երաշխիքային դեպոզիտ կամ այլ ապահովություն:
11.3.1. Կանխավճարային բաժանորդագրության դեպքում, Բաժանորդը պարտավոր է յուրաքանչյուր ամիս կատարել կանխավճար և, ըստ անհրաժեշտության, այլ կիրառելի վճարումներ, որոնց բացակայության դեպքում, Օպերատորն իր հայեցողությամբ, առանց ծանուցման, կարող է արգելափակել Ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
11.3.2. Հետվճարային (ապառիկ) բաժանորդագրության դեպքում, Բաժանորդի կողմից վճարումը կատարվում է Օպերատորի կողմից տրամադրված հաշվի հիմքով, որը ենթակա է վճարման մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ: Վճարումները սահմանված ժամկետում չստանալու դեպքում, Օպերատորն իրավունք ունի կասեցնել Ծառայությունները, ինչը, սակայն, հիմք չէ վճարային պարտավորությունը չհաշվարկելու և չվճարվելու համար:
11.4. Կանխավճարային եղանակով Ծառայությունների դիմաց վճարելու դեպքում, եթե այլ բան սահմանված չէ, Օպերատորի կողմից Ծառայությունները մատուցվում են անձնական հաշվում առկա միջոցների և Օպերատորի կողմից սահմանված ժամկետի սահմաններում:
11.5. Կանխավճարային եղանակով Ծառայությունների դիմաց վճարելու դեպքում մատուցված Ծառայություններին համապատասխանող գումարներն ուղղակիորեն նվազեցվում են Անձնական հաշվի մնացորդից։
11.6. Օպերատորն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Ծառայությունների մատուցման արժեքը, ինչպես նաև Սակագնային պլանները/փաթեթները, Ծառայությունների ցանկը, դրանց մատուցման պայմանները, սակագները և կանոնները՝ այդ մասին պատշաճ՝ իրեն հարմար և Բաժանորդին հասանելի որևէ կերպ ծանուցելով Բաժանորդներին:
11.7. Բաժանորդին մատուցված Ծառայությունների տեսակը, ծավալը, արժեքը հաշվառվում է Բիլինգային համակարգի միջոցով:
11.8. Բաժանորդի համար մատուցված Ծառայությունների դիմաց ամսական վճարման ենթակա գումարի հիմք է հանդիսանում Օպերատորի Բիլինգային համակարգի հաշվարկը, որի հիման վրա, ըստ անհրաժեշտության, կարող է տրամադրվել հաշիվ-ապրանքագիր կամ այլ հաշվարկային փաստաթուղթ:
11.9. Բաժանորդը պարտավոր է ինքնուրույն ճշտել վճարման ենթակա գումարը և կատարել իր ամսական վճարային պարտավորությունը Հավելվածի ստորագրման օրվանից սկսած յուրաքանչյուր հաջորդող հաշվետու ամսվա միևնույն օրը (սույն Պայմանների իմաստով, փոխադարձ հաշվարկների համար որպես 1 (մեկ) ամիս հիմք է ընդունվում 30 (երեսուն) օրացուցային օրը)՝ անկախ այն հանգամանքից, որ Բաժանորդի կողմից դիմում-պայմանագրում ամրագրված ամսական վճարային պարտավորության չկատարման կամ անպատշաճ կատարման արդյունքում վերջինիս մատուցվող Ծառայությունների մատակարարումը միակողմանիորեն կասեցվել է:
11.10. Վճարումները կարող են կատարվել անկանխիկ՝ Օպերատորի կողմից Պաշտոնական վեբ կայքում նշված բանկային հաշվարկային հաշվին փոխանցմամբ կամ առցանց էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցով, ինչպես նաև կանխիկ՝ Օպերատորի ստորև նշված ցանկացած վաճառքի և սպասարկման սրահում.
• ՀՀ, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Բաղրամյան 22/2:
• ՀՀ, Արմավիրի մարզ, քաղաք Մեծամոր, 1-ին թաղամաս, 8-5:
• ՀՀ, Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, Հանրապետության 20-17:
• ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան խճուղի 24:
• ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Թալին, Գայի 8/1:
• ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Լուսագյուղ, Ն. Դարբինյան 1:
• ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր, Լուսավորության 20:
11.11. Օպերատորը պատասխանատվություն չի կրում վճարումներն ընդունող միջնորդի կողմից սահմանած կանոնների համաձայն որևէ լրացուցիչ միջնորդավճարի գանձման համար:
11.12. Բաժանորդի վճարման պարտավորությունը համարվում է կատարված վճարման ենթակա գումարը Օպերատորի Բիլինգային համակարգ մուտքագրման պահից:
11.13. Բանկային վճարումներն արտացոլվում են Օպերատորի Բիլինգային համակարգում մինչև վճարման կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը:
11.14. Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով` մատուցված որոշ Ծառայությունների համար Բաժանորդից գանձվող գումարները կարող են անձնական հաշվում արտացոլվել ուշացումով:
11.15. Օպերատորն իրավունք ունի Բաժանորդի կողմից վճարված երաշխիքային դեպոզիտի գումարն օգտագործել Բաժանորդի ժամկետանց պարտքերը մարելու նպատակով:
11.16. Բաժանորդագրության պայմանագրի շրջանակներում ընտրված բոլոր սակագնային փաթեթների հաշվառումը Բիլինգային համակարգում իրականացվում է մեկ անձնական հաշվով և մեկ ընդհանուր հաշվեկշռով:
11.17. Բաժանորդի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Բաժանորդի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինի անունից և համար գործող:
11.18. Բաժանորդի կողմից կամ անունից իր մեղքով ID հաշվին առցանց էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցով կատարված սխալ մուտքագրումը վերջինիս կողմից վճարման անդորրագրով ու անձը հաստատող փաստաթղթով Օպերատորի ցանկացած վաճառքի և սպասարկման սրահում գրավոր դիմում ներկայացնելուց հետո, հնարավորինս սեղմ ժամկետներում Օպերատորի կողմից ենթակա է շտկման, իսկ Օպերատորը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով Բաժանորդի կրած վնասների համար:
11.19. Օպերատորը կարող է Բաժանորդից լրացուցիչ վճար գանձել Ծառայությունները վերականգնելու կամ այլ լրացուցիչ ծառայություններ մատուցելու համար:

12. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
12.1. Օպերատորն իրավունք ունի, առանց Բաժանորդին նախապես ծանուցելու, տարեկան բաժանորդագրության դեպքում, միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել Բաժանորդին մատուցվող Ծառայությունները, ինչպես նաև ապամոնտաժել իր մալուխներն ու Սարքը, եթե վերջինս 2-ամսյա (երկամսյա) ժամկետում առնվազն 1 (մեկ) անգամ ժամանակին չի վճարում Ծառայությունների դիմաց: Կասեցված Ծառայությունները վերաակտիվացնելու կամ ապամոնտաժված մալուխներն ու Սարքը կրկին տեղադրելու և Օպերատորի ցանցին վերամիացնելու համար Օպերատորն իրավասու է Բաժանորդից լրացուցիչ վճար գանձել: Ամեն դեպքում Ծառայությունների մատուցման կասեցումը կամ դադարեցումը և/կամ Սարքի, մալուխի ապամոնտաժումը Բաժանորդին չի ազատում իր գումարային պարտավորությունը և տուժանքը (եթե առկա է) Օպերատորին վճարելու պարտավորությունից:
12.2. Ֆիքսված հեռախոսակապի ծառայության մատուցման կասեցման ժամանակահատվածում Օպերատորի մոտ համապատասխան տեխնիկական հնարավորության առկայության դեպքում Բաժանորդը կարող է կատարել ելքային զանգեր միայն դեպի Զանգերի կենտրոն, Ոստիկանություն, Շտապ բժշկական օգնություն, Բնական գազի վթարային ծառայություն, Արտակարգ իրավիճակների վարչություն, հրշեջ և փրկարարական ծառայություններ:
12.3. Օպերատորն իրավունք ունի կասեցնել Ծառայությունների մատուցումը նաև այն դեպքերում, երբ՝
12.3.1. Բաժանորդը Օպերատորի ցանցին միացրել է չuերտիֆիկացված կամ Օպերատորի կողմից հայտարարված տեխնիկական պայմաններին չհամապատասխանող վերջնակետային uարքավորումներ կամ սարքեր,
12.3.2. Բաժանորդը Օպերատորի ցանցին միացրել է այնպիuի վերջնակետային uարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ միջամտում են Օպերատորի ցանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից oգտվելու ուրիշների հնարավորությանը,
12.3.3. Սահմանափակումը կամ կաuեցումն անհրաժեշտ է uարքավորումների կամ Ցանցի, գծի ենթակառուցվածքների տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար,
12.3.4. Բաժանորդը խախտում է Պայմանները,
12.3.5. Օպերատորը հայտնաբերում է, որ Բաժանորդը Ծառայությունների համար դիմելիu սխալ կամ թերի տվյալներ է ներկայացրել:
12.4. Բաժանորդի կողմից իր ամսական վճարային պարտավորության չկատարման կամ մասնակի կատարման հետևանքով Ծառայությունների կասեցման պարագայում կասեցվում են Բաժանորդի անձնական գրասենյակում հաշվառվող բոլոր Ծառայությունները:
12.5. Տարեկան բաժանորդագրության դեպքում Բաժանորդն իրավունք ունի տվյալ հաշվարկային տարում ընդամենը 1 (մեկ) անգամ անվճար հիմունքներով իրեն մատուցվող Ծառայությունները նվազագույնը 10-օրյա (տասնօրյա), իսկ առավելագույնը`30-օրյա (երեսնօրյա) ժամկետով, ժամանակավորապես դադարեցնել (կասեցնել)՝ դրա վերաբերյալ Օպերատորին համապատասխան գրավոր դիմում ներկայացնելով և վճարելով մինչ այդ օրն իրեն մատուցված Ծառայությունների դիմաց գոյացած վճարային պարտքը: Ընդ որում, Բաժանորդի կողմից Ծառայությունների մատուցումը ժամանակավոր դադարեցնելու (կասեցնելու) վերաբերյալ դիմումում նշված ժամկետի ավարտից հետո Բաժանորդին մատուցվող Ծառայությունները մեխանիկորեն վերսկսվում են՝ առանց Օպերատորի կողմից Բաժանորդին այդ մասին լրացուցիչ ծանուցելու պարտավորության, ինչպես նաև կասեցման ժամանակահատվածին համամասնորեն պայմանագրի ժամկետը մեխանիկորեն երկարաձգվում է: Սույն կետի իմաստով Բաժանորդն իրավասու է կասեցնել Բաժանորդագրության պայմանագրով ընտրված Ծառայություններից ցանկացածը կամ բոլորը միասին: Տվյալ ժամանակահատվածում վերոնշյալ իրավունքից չօգտվելու դեպքում վերջինս չի գումարվում կամ փոխանցվում հաջորդ տարի:
12.6. Պայմաններով սահմանված վճարման ժամկետի ավարտից հետո 2 (երկու) ամսից ավելի Ծառայությունների դիմաց հաշվեգրված վճարը Բաժանորդի կողմից ամբողջությամբ չվճարելու դեպքում, Օպերատորն իրավունք ունի առանց որևէ ծանուցման միակողմանիորեն լուծել Բաժանորդագրության պայմանագիրը և Բաժանորդից վերցնել Սարքը, ինչպես նաև Սարքի տեղադրման/գործածման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, մալուխը և գանձել չվճարված գումարն ու տուժանքը (եթե առկա է):
12.7. Բաժանորդագրության պայմանագրի ցանկացած հիմքով լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է վճարել մինչև դրա լուծման օրն ամրագրված Ծառայությունների արժեքը, ներառյալ՝ ամսական բաժանորդագրության վճարը, եթե Բաժանորդին մատուցված Ծառայության համար Օպերատորի կողմից սահմանված է ամսական բաժանորդագրության վճար, ինչպես նաև Բաժանորդագրության պայմանագրի միակողմանի լուծման համար Օպերատորի կողմից նախատեսված այլ վճարումները (տույժերը, տուգանքները), եթե այդպիսիք առկա են:
12.8. Բաժանորդի կողմից Բաժանորդագրության պայմանագիրն ստորագրելուց հետո՝ մինչև ծառայության միացումը և ակտիվացումը, 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում Օպերատորի ծառայությունից օգտվելուց հրաժարվելու ցանկություն հայտնելու դեպքում, վերջինս պարտավորվում է Օպերատորի կողմից մատուցած ծառայության համար վճարել 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:
12.9. Օպերատորը պատասխանատվություն է կրում Ծառայության մատուցման հետ կապված միայն այն սխալների և անսարքությունների համար, որոնք գտնվում են իր պատասխանատվության և վերահսկողության ներքո: Օպերատորը պատասխանատվություն չի կրում տեխնիկական խափանման հետևանքով Ծառայությունների ընդհատման կամ այլ խաթարման համար:
12.10. Բաժանորդի կողմից որևէ անսարքության վերաբերյալ Օպերատորին անհապաղ չհայտնելու կամ ուշ հայտնելու դեպքում Օպերատորը, տեղեկացվելուն նախորդող ժամանակահատվածի համար, պատասխանատվություն չի կրում:
12.11. Ծառայությունների ամբողջությամբ բացակայության վերաբերյալ պատշաճ ծանուցվելու պահից առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում Օպերատորի կողմից այդ թերությունները չշտկելու և Ծառայությունները չվերականգնելու դեպքում, Օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր չմատուցած Ծառայության օրվա համար փոխհատուցել տվյալ Ծառայությամբ: Դրան համամասնորեն, պայմանագրի ժամկետը համապատասխան օրերի քանակով մեխանիկորեն երկարաձգվում է: Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ծառայությունների չմատակարարման համար այն դեպքում, եթե այն դադարեցվել է ոչ իր մեղքով:
12.12. Օպերատորի պատասխանատվությունը որևէ պարագայում չի կարող գերազանցել Բաժանորդի կողմից փաստացի վճարված միջին ամսական գումարի՝ Օպերատորի մեղքով Ծառայությունից օգտվելու անհնարինության ժամկետին համամասնորեն հաշվարկված գումարը:

12. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
12.1. Օպերատորը Բաժանորդների անձնական տվյալները, նրանց կողմից oգտագործվող Ծառայությունների տեuակի, արժեքի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի և տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գաղտնի համարվող տեղեկությունները գաղտնի է պահում` բացառությամբ Պայմաններով և/կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
12.2. Օպերատորն իրավունք ունի, առանց Բաժանորդի թույլտվության, բացահայտել Պայմանների 12.1. կետով նախատեսված տեղեկատվությունը՝ Բաժանորդի գրավոր համաձայնությամբ, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ եթե դա անհրաժեշտ է Օպերատորի իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանության համար:
12.3. Օպերատորի աշխատակցի և Բաժանորդի հեռախոսազրույցը Օպերատորի կողմից կարող է ձայնագրվել:
12.4. Պայմաններով և/կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Բաժանորդի վերաբերյալ գաղտնի տեղեկատվության բացահայտման դեպքում, Բաժանորդն իրավունք չունի Օպերատորից որևէ վնասի փոխհատուցում պահանջել:

13. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
13.1. Սույնով Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը անձնական տվյալների մշակումն Օպերատորի կողմից իրականացնելու համար, ինպես նաև Բաժանորդի՝ առանց վերջինիս ծանուցման, անձնական տվյալների փոխանցումը` ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս և Բաժանորդի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դեպքում իրավունք չունի վնասների փոխհատուցում պահանջել:
13.2. Անձնական տվյալների մշակման իրավասություն վերապահվում է նաև՝
13.2.1. պարտապանների կողմից իրենց պարտավորությունների կատարման վերաբերյալ անձնական տվյալների մշակման, պահպանման և տեղեկատվության տրամադրում իրականացնող երրորդ անձանց,
13.2.2. Ծառայությունների դիմաց Բաժանորդի կողմից կուտակած պարտքը պահանջելու կամ դատական կարգով բռնագանձելու իրավունքը ստացած երրորդ անձանց,
13.2.3. իր մատակարարներին և ծառայություն մատուցողներին` Ծառայության մատուցման կամ իր գործունեությանը վերաբերող ուսումնասիրություն անցկացնելու համար,
13.2.4. վարկային պատմություն հավաքագրելու կամ վարկունակության գնահատում իրականացնելու համար լիազորված երրորդ անձանց,
13.2.5. իր բաժնետերերին, ներկայացուցչություններին, մասնաճյուղերին, դուստր և կախյալ ընկերություններին, գործընկերներին:
13.3. Անձնական տվյալների մշակումը Բաժանորդի անձնական տվյալների օգտագործումն է որոշակի միջոցառումների, գովազդների և գործողությունների իրականացման վերաբերյալ իրազեկմամբ՝ կապված անձնական տվյալների հավաքման, համակարգման, մուտքագրման, վերափոխման, փոխանցման, պահպանման, ուղղման, ուղեփակման, թարմացման, փոփոխման, օգտագործման, տարածման, ոչնչացման, այդ թվում` ապաանհատականացման և բլոկավորման հետ, Բաժանորդի տվյալների օգտագործումը Բաժանորդին hաշիվ ներկայացնելիս, ինչպես նաև Բաժանորդի տվյալների օգտագործումը՝ կապված նմանատիպ այլ տեղեկատվության տրամադրման հետ:
13.4. Ծառայությունների որակի բարձրացման, անվտանգության նկատառումներից ելնելով, Օպերատորի և Բաժանորդի զանգերի սպասարկման կենտրոնի աշխատակիցների հետ խոսակցությունները կարող են ձայնագրվել: Բաժանորդագրության Պայմանագրի կնքման պահից Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը ձայնագրման վերաբերյալ և ընդունում է, որ այդ ձայնագրություններն ապացույցի ուժ ունեն:
13.5. Բաժանորդն իրավասու է պահանջել փոփոխել իր վերաբերյալ անձնական տվյալները` գրավոր դիմելով Օպերատորին՝ ներկայացնելով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր:

14. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
14.1. Օպերատորը պատասխանատվություն է կրում Դիմում-պայմանագրով, Պայմաններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
14.2. Բոլոր դեպքերում Բաժանորդն իրավունք չունի Օպերատորից պահանջել վճարել վճարված միջին ամսական գումարի` Օպերատորի մեղքով Ծառայություններից անուղղակի վնասները և բաց թողնված օգուտը:
14.3. Օպերատորի պատասխանատվությունը չի կարող գերազանցել Բաժանորդի կողմից փաստացի օգտվելու անհնարինության ժամկետին համապատասխան, համամասնորեն հաշվարկված գումարը:
14.4. Օպերատորը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Ծառայությունների մատուցման ընթացքում խոչընդոտներ առաջացնելու համար, ինչպես նաև երրորդ անձանց կողմից Օպերատորի ցանցի միջոցով Բաժանորդին հասցված որևէ վնասի համար:
14.5. Բաժանորդին օգտագործման իրավունքով տրամադրված Սարքի, մալուխների, ինչպես նաև Սարքի տեղադրման/գործարկման, շահագործման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վնասման կամ կորստի դեպքում Բաժանորդը պատասխանատվություն է կրում համապատասխանաբար վնասի կամ կորստի չափով:
14.6. Նոր Սարքի տրամադրումը բաժանորդագրումից հետո տրամադրված Սարքի կորստի, հափշտակության կամ վնասման դեպքում հնարավոր է միայն Բաժանորդի կողմից Սարքի դիմաց փոխհատուցման դեպքում:
14.7. Օպերատորը պարտավորվում է Բաժանորդին տրամադրված արտադրական թերություն ունեցող Սարքն անվճար փոխարինել նորով:
14.8. Օպերատորն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարել իր բոլոր այն վնասները, որոնք Օպերատորը կրել է Բաժանորդի կողմից Պայմանները խախտելու արդյունքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Ծառայություններից օգտվելու համար:
14.9. Մինչև Բաժանորդագրության պայմանագրով ամրագրված ժամկետի ավարտը Օպերատորի Ծառայություններից հրաժարվելու դեպքում, Բաժանորդը պարտավորվում է Օպերատորին վճարել նախորդ ժամանակահատվածում վերջինիս կողմից մատուցած ծառայության արժեքը և Դիմում-պայմանագրով սահմանված տուժանքը:
14.10. Սույն դրույթը կիրարկելի է նաև այն դեպքում, երբ Բաժանորդը ցանկանում է Պայմանագրի գործողության ժամկետում փոխել իր սակագնային պլանը՝ առավել ցածր արագության և վճարման պայմաններով սակագնային պլանի:
14.11. Բաժանորդը Օպերատորի և երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայություններից օգտվում է սեփական ռիսկով: Օպերատորը չի կարող որոշել Ծառայությունների համապատասխանությունը Բաժանորդի կարիքներին:
14.12. Օպերատորը պատասխանատվություն չի կրում.
• դժբախտ պատահարի կամ իր գործընկերների (այդ թվում` օտարերկրյա) կամ գործակալների միջոցով փոխանցվող ազդանշանների կամ մատուցվող ծառայությունների խափանման կամ դադարեցման հետևանքով առաջացած ընդհատումների, անջատումների, խափանումների կամ որոշակի տեսակի ծառայությունների, Սակագնային պլանների/փաթեթների մեջ կատարված փոփոխությունների համար,
• Բաժանորդին պատկանող համակարգչի/ների կամ այլ սարքավորման/ումների անսարքության պատճառով Ծառայությունների անպատշաճ մատուցման կամ ընդհատման համար,
• Ծառայության մատուցման ռեժիմի խախտման այն դեպքերի համար, որոնք Բաժանորդի կամ երրորդ անձանց գործողությունների հետևանք են, այդ թվում` Օպերատորի հետ համագործակցող երրորդ անձանց կողմից Օպերատորին մատուցվող ծառայությունների անսպասելի դադարեցման դեպքերում,
• աշխատանքների, մասնավորապես` ընթացիկ, Ցանցի ամրապնդման, պահպանման, ընդարձակման կամ վերանորոգման հետևանքով առաջացած ընդհատումների և խափանումների համար, եթե դրանք չեն գերազանցում ամսական 24 (քսանչորս) ժամը,
• սպամի, հակերային գործունեության, վիրուսների փոխանցման և դրա հետևանքով Բաժանորդին պատճառված վնասների համար:
14.13. Օպերատորը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում իր Ցանցով տեղափոխվող տեղեկատվության նկատմամբ և պատասխանատու չէ Բաժանորդի կողմից ստացված և/կամ ուղարկված տեղեկատվության և բովանդակության ճշտության ու օրինականության համար: Օպերատորի ցանցի միջոցով տեղափոխվող ցանկացած տեղեկատվություն կամ բովանդակություն օգտագործվում է Բաժանորդի ռիսկով և պատասխանատվությամբ:
14.14. Օպերատորը պատասխանատվություն չի կրում վճարումներն ընդունող միջնորդի կողմից սահմանված կանոնների համաձայն որևէ լրացուցիչ միջնորդավճարի գանձման համար:
14.15. Օպերատորը պատասխանատվություն չի կրում իր կողմից Բաժանորդին մատուցվող Ծառայությունները երրորդ անձի կողմից ցանկացած կերպ օգտագործելու համար:
14.16. Սույն Պայմաններով ստանձնած իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Օպերատորի համար միակ պատասխանատուն հանդիսանում է Բաժանորդը:

15. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
15.1. Բաժանորդագրության պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Օպերատորը կամ Բաժանորդն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Բաժանորդագրության պայմանագիրը կնքելուց հետո, և որը Օպերատորը կամ Բաժանորդը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
Մասնավորապես, այդպիսի իրավիճակներն են՝ երկրաշարժը, սողանքը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, մայրուղային ենթակառուցվածքների խաթարումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընդունված ակտը և այլն, որոնք անհնար են դարձնում Բաժանորդագրության պայմանագրով պարտավորությունների կատարումը:
15.2. Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Օպերատորը կամ Բաժանորդն իրավունք ունեն լուծել Բաժանորդագրության պայմանագիրը՝ այդ մասին նախապես 5 (հինգ) օր առաջ գրավոր ծանուցելով մյուս կողմին:

16. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
16.1. Բաժանորդը դժգոհություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում իրավասու է գրավոր դիմել Օպերատորին, ինչին Օպերատորը պարտավոր է որևէ կերպ արձագանքել այն ստանալու օրվանից 10-օրյա (տասնօրյա) ժամկետում, իսկ Բաժանորդի պահանջով, նաև դրանց գրավոր պատասխանել:
16.2. Սույն պայմանագրով ծագած վեճերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, իսկ փոխհամաձայնության չհանգելու դեպքում, վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

17. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
17.1. Օպերատորն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Պայմանները, ինչպես նաև Ծառայությունների մատուցմանը վերաբերող ցանկացած պայման և/կամ կարգ` կատարվելիք փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 (երեսուն) օր առաջ (բացառությամբ Ծառայությունների սակագների իջեցման կամ Բաժանորդի համար առավել բարենպաստ պայմանների սահմանման դեպքերի) հրապարակելով Պաշտոնական վեբ կայքում և/կամ Վաճառքի և սպասարկման սրահներում:
17.2. Առաջարկվող փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում, Բաժանորդն իրավունք ունի, մինչև փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը, միակողմանիորեն դադարեցնել պայմանագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով Օպերատորին կամ անձամբ ներկայանալով Պայմանագրի կնքման վայրի վաճառքի և սպասարկման սրահ: Նշված ժամկետում նման ծանուցում չստանալու դեպքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Օպերատորի առաջարկը Բաժանորդի համար կհամարվի գործողությամբ ընդունված:
17.3. Օպերատորի կողմից հայտարարված ակցիաները, զեղչերը և այլն, տվյալ փաստաթղթում սահմանված ժամանակահատվածում կհանդիսանան Բաժանորդագրության պայմանագրի լրացում և դրա անբաժանելի մաս: Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Օպերատորի պաշտոնական վեբ կայքում և/կամ հասանելի է դարձվում Բաժանորդներին Զանգերի, ինչպես նաև Վաճառքի և սպասարկման սրահների և/կամ Բաժանորդներին հասանելի այլ եղանակներով:
17.4. Օպերատորն իրավասու է Բաժանորդագրության պայմանագրով ամրագրված իր իրավունքներն ու պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցել, զիջել այլ անձի` առանց Բաժանորդի նախնական համաձայնության:
17.5. Սույն Պայմանները, Ծառայությունների մատուցման այլ պայմանները, Դիմումը, Դիմումի անբաժանելի մասը կազմող Հավելվածները, կանոնները և սակագները, Ծառայությունները, դրանց արժեքները, Բաժանորդագրության պայմանագիրը հրապարակված են, կնքված են հայերեն լեզվով, սակայն կարող են թարգմանվել նաև այլ լեզուներով: Հայերենի և այլ լեզուներով տարբերակների միջև տարընթերցումների, անհամապատասխանության դեպքում, գերակայությունը տրվում է հայերեն տարբերակին:
17.6. Սույն Պայմաններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 30 (երեսուն) օր անց և համապատասխան մասով փոխարինում են մինչև սույնի ուժի մեջ մտնելու պահն Օպերատորի կողմից կնքված բաժանորդագրության ընդհանուր պայմաններին: Վերջիններս համարվում են ամբողջովին փոխարինված սույն հրապարակային առաջարկի/օֆերտայի պայմաններով: Սույն Պայմաններն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող Սակագնային պլանները/փաթեթները և Ծառայությունների մատուցման այլ պայմաններն ու կանոնները մնում են ուժի մեջ:

18. ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
«ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ

Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Բաղրամյան 22/2
ՀՎՀՀ՝ 04719683
Բանկ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ, հ/հ` 2050622092881001
Վեբ կայք՝ www.arpinet.am
Էլ. փոստ՝ info@arpinet.am
Հեռ.՝ +37460888888
Տնօրեն՝ Ա. Մուրադյան